Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Պատերազմը չի ավարտվել՝ ամեն ինչ նոր միայն սկսվում է

Պատերազմը չի ավարտվել՝ ամեն ինչ նոր միայն սկսվում է
11.10.2020 | 09:31

Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը պատերազմող հայերն արթուն էին՝ անկախ իրենց աշխարհագրական դիրքից: Մոսկվայում բանակցում էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ու մասնակցությամբ: Նախօրեին Ելիսեյան պալատը տեղեկացրել էր, որ Ղարաբաղում առաջիկայում կարող է հրադադար հաստատվել։

«Ֆրանսիայի նախագահը երեկ երեկոյան վերստին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ, այսօր առավոտյան՝ Ադրբեջանի նախագահի։ Կողմերը գնում են դեպի կրակի դադարեցման», - France-Presse-ին ասել էին նախագահական նստավայրից։ «Հրադադարը կարող է հաստատվել այս գիշեր, կամ՝ վաղը, թեև իրավիճակը տեղում մնում է անկայուն», - հավելել է Էմանուել Մակրոնի խոսնակը:
Հայաստանի վարչապետի գրասենյակը հաղորդել էր՝ Մակրոնի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը և միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:


Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե «պատրաստ է վերադառնալ ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների», բայց «Հայաստանին զիջումներ չի անելու, և որևէ այլ երկիր չի կարող ազդել Բաքվի այդ որոշման վրա»։ Ալիևի ուղերձը տեղական հեռուստաընկերություններով հեռարձակվել է, երբ Մոսկվայում սկսվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մինչ այդ Բաքուն հայտարարում էր, թե բանակցությունների չի գնա, քանի դեռ հայկական ուժերը դուրս չեն բերվել «գրավյալ տարածքներից», հետո. Որ խնդրի խաղաղ կարգավորման «վերջին հնարավորությունն է տալիս հայկական կողմին։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել էր կողմերին «դադարեցնել կրակը մարդասիրական նկատառումներով՝ գերիների փոխանակման ու զոհվածների աճյունները հանելու համար»։ Հոկտեմբերի 10-ին հայտնվեց հրադադարի համաձայնությունը. «Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը՚:
Երեկ ամբողջ օրը աշխարհն արձագանքում էր հրադադարի համաձայնությանը:
Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ արեց Անկարային չմիջամտել ղարաբաղյան խնդրին:


Լրագրողներին ներկայացնելով զրույցի մանրամասները, Շամպանն ասել է, թե Չավուշօղուն ըմբռնումով է մոտեցել իր դիրքորոշմանը: «Թուրքիայի ԱԳ նախարարը ընդունեց, որ այս հակամատությունը ռազմական լուծում չունի, անհրաժեշտ է կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է», - ասել է Կանադայի ԱԳ նախարարը:
Եվրասիայում հակամարտությունների կարգավորման ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն բարձր է գնահատել պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ երկար խորհրդակցությունների ընթացքում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Կողմերին հաջողվել է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը հոկտեմբերի 10-ի կեսօրից: Քավանոն РИА Новости-ին ասել է, որ մոսկովյան պայմանավորվածությունները տևական զինադադարի առաջին քայլն են, այժմ անհրաժեշտ է ամրապնդել հաջողությունը՝ ավելի լայն քննարկման ընթացքում պահպանել մշտական հրադադարի ռեժիմը: «Սա առաջին քայլն է դեպի համաձայնություն, բայց հետագա համաձայնությունները չեն լինի հակամարտության լուծում, դա կլինի երկարատև հրադադար», - բացատրել է ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչը:
Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում պատերազմին` անպատասխանատվություն է Անկարային գերմանական զենքի մատակարարումը շարունակելը՝ հայտարարել է Գերմանիայի Բունդեստագի Ձախերի խմբակցությունը: «Դաշնային կառավարությունը պետք է անվերապահորեն պահանջի վերադարձ ադրբեջանական հարձակումներին նախորդած դիրքերին։ Անհապաղ հրադադարը ժամ առաջ պետք է հաստատվի։ Չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղին դաշնային կառավարության կողմից հումանիտար օգնության տրամադրումը` հաշվի առնելով շարունակաբար վատթարացող դրությունը»,- հայտարարել են խմբակցության ղեկավարներ Ամիրա Մոհամադ Ալին և Դիթմար Բարչը։ «Դաշնային կառավարությունը պետք է ակտիվ ներգրավվի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցում և այդ դիրքորոշումը ներկայացնի Թուրքիայի և Ադրբեջանի դեսպաններին։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունն այլևս չպետք է տեղահանվի` ադրբեջանական զորքերի, թուրքական սպաների և Էրդողանի իսլամիստական վարձկանների հարձակումների պատճառով։ Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում պատերազմին` անպատասխանատվություն է Անկարային գերմանական զենքի մատակարարումը շարունակելը։ Դաշնային կառավարությունը պետք է ամբողջապես կասեցնի Թուրքիային զենքի վաճառքը»,- նշված է հաղորդագրությունում։


ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար, և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: «Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը»՝ ասել է Արմեն Սարգսյանը այսօր Երևանում բացված «Մտքերի հայկական երկրորդ գագաթաժողովում» իր ելույթում: Հեռավար ձևաչափով անցկացվող գագաթաժողովին մասնակցում է 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:


ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և ԱԳ նախարար Էդի Ռաման ողջունել է մոսկովյան բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու համաձայնությունը: «Մեզ անհրաժեշտ է կայունություն թե տեղում և թե Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում: Այս համաձայնությունը ճանապարհ է հարթում բովանդակային բանակցությունների համար», - Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ում նախագահող Ալբանիայի վարչապետը: Էդի Ռաման մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ և ասել է, որ այս պայմաններւմ զոհերի աճյունները դուրս հանելու, գերիներին և այլ ձերբակալվածներին փոխանակելու համար հաստատվող կրակի դադարեցումը շատ կարևոր քայլ է: ԵԱՀԿ գործող նախագահը ողջունէլ է Ռուսաստանի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ անցկացնելու հարցում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և իմ անձնակլան ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը կողմերի հետ մշտական կապի մեջ են և պատրաստ են իրենց բոլոր ջանքերն ուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Էդի Ռաման:


«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական հրադադարը և կոչ անում երկու կողմին հարգել տվյալ հրադադարն ու խուսափել հետագա զոհերից», - ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարությունում:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիային մեղադրել է ղարաբաղյան հակամարտության հարցում կողմնակալ դիրքորոշում ունենալու մեջ՝ Բաքվում ասուլիսում նա պնդել է, թե Ֆրանսիան խախտել է չեզոքության սկզբունքը։
Բայրամովը ընդգծել է, թե ադրբեջանական կողմը Ռուսաստանի կողմից նման խախտումներ չի նկատել: Այսօր նույն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն էլ ասել է. «Ստեղծված պայմաններում Ադրբեջանն ակնկալում է Թուրքիայի ավելի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դա կարող է լինել և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և այլ ձևաչափերում»:


ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը Լեռնային Ղարաբաղի շուրջը իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել "BIDEN HARRIS" քարոզարշավի պաշոնական կայքէջում. «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ և կոչ եմ անում շտապ լիցքաթափել, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև: ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի, որ հրադադարի գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ տեղակայվեն, և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկորեն զենք տրամադրելը երկու կողմերին, միաժամանակ վերանայելով մեր անվտանգության աջակցության ծրագրերը՝ համոզվելու համար, որ ռազմական կարողությունները չեն վերափոխվում հարձակողական միջոցների համար», - ասված է հայտարարությունում: Բայդենը պնդում է, որ «Թրամփի վարչակազմը նաև պետք է ուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ, խաղաղ լուծում գտնելու, և աջակցի վստահության կառուցման միջոցներ ստեղծելուն»։ «Ռազմական գործողությունների բռնկումը Լեռնային Ղարաբաղում վտանգ է ստեղծում ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության վերաճելու համար, այդ իսկ պատճառով տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան այս հակամարտությունից, իսկ Մինսկի խմբի միջնորդները անհապաղ պետք է ձգտեն թուլացնել լարվածությունը և վերադառնալ բանակցություններին», - ասված է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուի հայտարարությունում, որը հրապարակվել է մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնությունը:
«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը և հույս է հայտնում, որ հետագայում բանակցությունների միջոցով առաջընթաց կգրանցվի հակամարտության կարգավորման հարցում և կհաստատվի ամուր խաղաղություն, որը կնպաստի տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:


«Ողջունում եմ Ղարաբաղում կրակի դադարեցումը և կոչ եմ անում կողմերին վերսկսել խաղաղ երկխոսությունը։ Տևական խաղաղությունն ու կայունությունը միակ ընդունելի ապագան են մեր տարածաշրջանի համար»,-«Թվիթեր»-ի իր էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Կիպրոսի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա, Թուրքիայի լիակատար աջակցությունը Ադրբեջանին և ադրբեջանական բանակի կողմից կռվող ահաբեկչական վարձկանների առկայությունը:
Ավստրիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնությունը: Վիեննան հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները արագ կվերսկսեն:


Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում՝ որպես քայլ դեպի խաղաղություն, շաբաթ Twitter-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Մենք մեր հարևաններին՝ Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանին, կոչ ենք անում երկխոսել՝ հիմնված միջազգային իրավունքի հարգանքի վրա», - գրել է նա: Զարիֆը բարձր է գնահատել Ղարաբաղում հրադադար հաստատելու Ռուսաստանի կառուցողական ջանքերը:


Իրանի նախագահի պաշտոնական կայքը Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հասան Ռոհանին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն Իրանին շատ են անհանգստացրել: «Այս բախումներին երրորդ երկրների հնարավոր միջամտությունը ճգնաժամի ընդլայնման և երկարաձգման պատճառ է դառնալու։ Դա տարածաշրջանի երկրների օգտին չէ»,- ասել է Իրանի նախագահը։ Ռոհանին, շեշտելով Իրանի սահմանների և սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության պահպանման անհրաժեշտությունը, նշել է՝ «Տարածաշրջանի խաղաղությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի»։ Անհանգստություն հայտնելով մարտերում որոշ ահաբեկչական խմբավորումների ներկայության և մասնակցության կապակցությամբ, նա ընդգծել է․«Ահաբեկիչների ներկայությունը և Իրանի, և Ռուսաստանի, և ամբողջ տարածաշրջանի համար կարող է վտանգավոր լինել»։ Ռոհանին, շեշտելով բախումների դադարեցման, հրադադարի հաստատման և բանակցություններ սկսելու հարցում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը, հավելել է.«Բախումների շարունակման պարագայում տարածաշրջանում իրավիճակն ավելի է բարդանալու և մարդկային ու նյութական վնասների պատճառ է դառնալու»։ Իրանի նախագահը բարձր է գնահատել հրադադար հաստատելու և բանակցություններ սկսելու հարցում Ռուսաստանի ջանքերը և կարևորելով հրադադարի պահպանումը՝ նշել, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել և ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ըմբռնում է ճգնաժամի առնչությամբ Իրանի մտահոգությունները։ ՌԴ նախագահը նշել է, որ ԼՂ հարցում Թեհրանի դիրքորոշումը շատ կարևոր է, և ողջունում է խնդրի կարգավորման համար Իրանի հետ խորհրդակցությունների շարունակումը։


Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այն այժմ պետք է ամբողջովին կյանքի կոչվի, որպեսզի թշնամանքին վերջ տալու համար պայմաններ երաշխավորվեն՝ Reutersհայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես վոն դեր Մուլը: «Հրադադարը պետք է կյանքի կոչվի ու խստորեն հսկվի, որպեսզի երկու երկրների միջև թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու համար պայմաններ ստեղծվեն: Բովանդակային քննարկումները, որոնք կողմերը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների»,-ասված է հայտարարությունում:
Հունաստանը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում՝ նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի Թվիթերի միկրոբլոգում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պետք է անհապաղ սկսվեն բանակցությունները՝ ապահովելու խաղաղ կարգավորումը»,- ընդգծում են Հունաստանի ԱԳՆ-ից։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Թուրքիա՞ն: Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը կարևոր քայլ է, բայց չի կարող փոխարինել խնդրի երկարաժամկետ կարգավորմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Անկարան կաջակցի ղարաբաղյան հակամարտության լուծման միայն այն քայլերին, որոնք բխում են Ադրբեջանի շահերից և շարունակելու է աջակցել Ադրբեջանին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանին։ Իմա՝ պատերազմը չի ավարտվել: Ամեն ինչ նոր միայն սկսվում է:

Դիտվել է՝ 8200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ